Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Գերազանց մրցելույթ Եվրոպայի առաջնությունում

Գերազանց մրցելույթ Եվրոպայի առաջնությունում
06.05.2014 | 11:11

Փայլուն ավարտ ունեցավ լեհական Ցեխանովում անցկացված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը Հայաստանի ընտրանու համար: Մեր տղաներն ընդհանուր թվով նվաճեցին տասնհինգ մեդալ, որից վեցականը ոսկե ու բրոնզե էին, երեքը՝ արծաթե:
Հաղթանակների հիմքը դրեց Մարզպետ Մինասյանը (50 կգ քաշային կարգ)՝ անգերազանցելի մնալով ինչպես երկամարտում (197 կգ), այնպես էլ առանձին վարժություններում (պոկում՝ 90 կգ, հրում՝ 107 կգ): Հատկանշական է, որ մարզիկն արդյունավետ օգտագործեց գրեթե բոլոր մոտեցումները՝ սայթաքելով ընդամենը մեկում:
56, 69, 77 կիլոգրամ քաշային կարգերում հանդես եկած մեր ծանրորդները եղան բացառապես երրորդը, թեև այստեղ ամեն ինչ չէ, որ միանշանակ է: Եթե 56 կիլոգրամայինների մրցավեճում Լևոն Մանուկյանը պոկում վարժությունում չսայթաքեր երկու անգամ, կարող էր պայքարել արծաթե մեդալի համար: Սակայն սա սպորտ է, որտեղ անհաջողություններից երաշխավորված չէ ոչ ոք: Այնպես որ, երկամարտի (214 կգ) և հրում վարժության (121 կգ) բրոնզը համարենք ձեռքբերում:
69 կիլոգրամ քաշային կարգում շատ ավելիին կհասներ Դավիթ Հովհաննիսյանը, եթե չլինեին պոկում վարժության երկու վրիպումները, որքան էլ այստեղ մարզիկն արժանացավ փոքր բրոնզի (120 կգ): Մեկնարկի հարաբերական անհաջողությունը պատանին փորձեց լուծել ի հաշիվ հրում վարժության, սակայն այստեղ էլ ավելորդ նյարդայնությունը, համեմված տակտիկական պայքարի բերած լարումով (146-ից հետո երկու անգամ փորձեց սանձել տասը կիլոգրամով ավելի կշռող ծանրությունը), երկամարտում կանգնեցրեց նրան բրոնզե «բարձրության» վրա:
Ակնհայտորեն ավելի բարձր հարգի մեդալի համար կարող էր պայքարել 77-ում հանդես եկած Հակոբ Մկրտչյանը, ով արդյունավետ օգտագործեց միայն մեկական մոտեցում: Շնորհալի այս մարզիկի համար բրոնզաբեր եղան հրում վարժությունն (130 կգ) ու երկամարտը (290 կգ), թեպետ, համոզված ենք, դրանք իրենց ակտիվում չեն գրանցի թե՛ մարզիկը, թե՛ հավաքականի մարզիչները:
Բացառապես գովասանական խոսքերով պիտի արտահայտվել 85 կգ քաշային Սամվել Գասպարյանի մասին, ով, հավասարապես տեղաբաշխելով ուժերը, Հայաստանի ընտրանուն բերեց երեք արծաթե մեդալ (295=130+165): Ինչ վերաբերում է մեր հավաքականի առաջատարին՝ գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանին, մարզիկն ապշեցրեց բոլորին: Նախ ասենք, որ Սիմոնի յուրաքանչյուր առաջին մոտեցում ոսկե էր: Սակայն նրա մրցելույթի մասին պատկերացումն ամբողջական չի լինի, եթե չանդրադառնանք մանրամասներին: Պոկում վարժությունում ահա թե ինչ հաջորդականությամբ նա մոտեցավ ծանրաձողին՝ 160, 170, 182 կիլոգրամ: Վերջին մոտեցումով մարզիկը մեկ կիլոգրամով գերազանցեց Գոռ Մինասյանին պատկանող աշխարհի ռեկորդը: Հրում վարժությունում մեր հսկայի «քայլերն» այսպիսին էին՝ 195, 215, 221 կիլոգրամ: Երկրորդ մոտեցման 215-ը երկամարտում նշանակեց աշխարհի նոր ռեկորդ՝ 397 կիլոգրամ: Ոգևորված հաջողությամբ՝ Սիմոնը փորձեց իրենով անել նաև հրում վարժության աշխարհի ռեկորդը, որը հավասար է 220 կիլոգրամի ու պատկանում է Ռուբեն Ալեքսանյանին (2007 թ. Չանգմայ), սակայն չկարողացավ ֆիքսել ծանրաձողը: Անկախ սրանից՝ բոլոր դեպքերում մեր պատանյակի մրցելույթն ապշեցուցիչ էր և առաջնության զարդը:
Մեր ընտրանիում էին նաև Համլետ Մնացականյանն ու Հրայր Հովհաննիսյանը (50 և 56 կիլոգրամ քաշային կարգեր), ովքեր նույնպես պատրաստ էին մեդալային ելույթների, պարզապես մարզական բախտը փոքր-ինչ երես թեքեց նրանցից, թեպետ, եթե մեղադրելու բան էլ ունենան, պիտի առաջին հերթին մեղադրեն իրենց:
Փորձելով ամփոփել՝ ասենք, որ Հայաստանի պատանեկան ընտրանու հաջողության մեջ անհնար է չտեսնել մարզիչներ Էդուարդ Կիզողյանի ու Վիգեն Խաչատրյանի, մարզիկների անձնական մարզիչների ծանրակշիռ ներդրումը:
Ինչ վերաբերում է մեր ծանրորդուհիների մասնակցությանը, այն անհամեմատ համեստ էր, սակայն ուրախացնողն ուրիշ բան է. երևի առաջին անգամ էր, որ մենք մասնակցեցինք յոթ մարզուհիով, և յոթն էլ, փաստորեն, հանդես եկան ուժեղագույնների կազմում:
Ավարտելով նյութը՝ նշենք, որ հայազգի մարզիկներ կային նաև այլ երկրների հավաքականներում: Ճիշտ է, համեստ էին թե՛ տասնհինգամյա Արսեն Պողոսովի (50 կգ քաշային կարգ, 151 կգ, 12-րդ տեղ, ՈՒկրաինա), թե՛ տասնյոթամյա Դերենիկ Ղազարյանի (85 կգ քաշային կարգ, 240 կգ, 17-րդ տեղ, Հոլանդիա) արդյունքները, բայց չմոռանանք, որ նրանք եղանակ են ստեղծում իրենց ներկայացրած երկրներում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ